Լրահոս

16.02.2012 16:06


Բաց նամակ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆֆերնին

Բաց նամակ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆֆերնին

«Ձերդ Գերազանցություն, 

Մտահոգությամբ տեղեկացանք, որ վերջերս Կոնգրեսին հղված իր բյուջետային ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է կտրուկ` շուրջ 19 տոկոսով, նվազեցնել Հայաստանին հատկացվելիք տնտեսական աջակցությունը. նախագահն առաջարկել է 27.219.000 ԱՄՆ դոլլար օգնություն Հայաստանին իր 2013թ. ֆինանսական տարվա  (FY13) բյուջեում, որը մոտ 12.781.000 ԱՄՆ դոլլար է, կամ 32 տոկոսով պակաս, քան նախորդ ֆինանսական տարվա համար Կոնգրեսի կողմից հաստատված 40,000,000 ԱՄՆ դոլլարը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը գտնվում է տնտեսական շրջափակման մեջ Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից, և այն, որ վերջինս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության համատեքստում` ի նշան աջակցության հօգուտ Ադրբեջանի, սկսած 1993 թվականից փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, Միացյալ Նահանգները, որպես  մարդու իրավունքների և ժողովրդավարական զարգացման առաջամարտիկ, պետք է շարունակեր աջակցել Հայաստանի զարգացմանը` հաստատուն պահելով արտաքին օգնության իր մակարդակը` նախորդ տարիների հետ համեմատած: 

Սա հատկապես արդիական է` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումը դեպի ինքնորոշում` արժեք, որն, ի սկզբանե, կարևորվել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից, ինչպես նաև այն փաստը, որ կրկնակի շրջափակումը անհամեմատ ավելի է դժվարացրել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքը` արհեստականորեն սահմանափակելով տնտեսական աճը:

Որպես  մի երկրի դիվանագետ, որը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահներից մեկը,  որի նպատակն է տևական խաղաղություն և կայունության բերել տարածաշրջան, և երկիր, որը ողջունեց Հայաստանի Հանրապետության նախագահի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, կարծում ենք` Դուք շատ լավ կգիտակցեք տարածաշրջանում առկա լարված և փխրուն իրավիճակը:

Այդուհանդերձ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական դժվարությունները, Հայաստանին, այնուամենայնիվ, հաջողվել է մասնակցել ԱՄՆ  խաղաղապահ առաքելություններին, մասնավորապես Իրաքում, և մինչ օրս Աֆղանստանում` ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) շրջանակներում: Հայ խաղաղապահները կյանքի գնով խթանում են ժողովրդավարական և մարդասիրական առաքելությունը` Եվրաատլանտյան գործընկերների հետ համատեղ, ինչը ևս մեկ պատճառ է, որն անհամատեղելիություն է առաջացնում նախագահ Օբամայի` Հայաստանին հատկացվելիք օգնության կրճատման վերաբերյալ որոշման հարցում:

Հետևաբար, մենք սիրով խնդրում ենք Ձեզ` բացատրել նախագահ Օբամայի` մեզ համար մտահոգիչ քայլը:

Կանխավ շնորհակալ ենք և հարգանքներով,

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի

Հանրային կապերի գրասենյակ»

Այս խորագրի վերջին նյութերը